Մեկ օրում գրանցվել է 16 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, շորթման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, կողոպուտի ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, հանցանք կատարած անձին աջակցելու, թմրամիջոցի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: