Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները։
Ըստ լրատվամիջոցների, Ադրբեջանի «Խոշտանգումների դեմ կոմիտեի» ներկայացուցիչներն այցելել են Բաքվի կողմից առևանգված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Այցի նպատակն է եղել ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։
Նշվում է, թե իբր, հանդիպման ընթացքում կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար: Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, հեռուստացույցի և էլեկտրոնային գրադարանի հասանելիություն ունեն, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից:
Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: