Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կենսական նշանակության երկու գրավոր առաջարկ է ներկայացրել
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր տեղի ունեցած 2024 թվականի բյուջեի քննարկման հանրային լսման ժամանակ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կենսական նշանակության երկու գրավոր առաջարկ է ներկայացրել:
1. Գյումրու թիվ 15 դպրոցին հարակից տարածքը նախկինի նման կրկին վերածել զբոսայգու և խաղահրապարակի:
2. Հիմնանորոգել Գյումրու Բաղրամյան փողոցի կոյուղատար համակարգը:
Երկու առաջարկներն էլ ընդունվել են, որոնց հիմքում քաղաքացիների կողմից խմբակցությանն ուղղված դիմումներն են:
Գյումրու թիվ 15 դպրոցին հարակից տարածքը զբոսայգու և խաղահրապարակի վերածելու խնդրանքով դիմումը գրել են Եսայան, Կարեն Դեմիրճյան, Գերցեն փողոցների բնակիչները:
Երկրորդ առաջարկով խմբակցությունը տասնամյակներ շարունակ անլուծելի խնդիր է լուծում: Բաղրամյան փողոցի կոյուղատար համակարգի հարցը տասնամյակներ շարունակ չարչրկված հարց է:
Խմբակցությունն առաջարկել է բանավոր պայմանավորվածությունը վերածել փաստաթղթի, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, բանավոր պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում»: