Գնել Սանոսյանն այցելել է Երևանի պետական համալսարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս այցելել էր Երևանի պետական համալսարան։
Նախարարը նախ կարճատև հանդիպում է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոռեկտորի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի, դասախոսների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսվել է նախարարության համար անհրաժեշտ կադրերի պատրաստման խնդրի շուրջ։
ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԵՊՀ հետազոտական ռեսուրսներին ու ներուժին և արձանագրել, որ համատեղելով ջանքերը՝ հնարավոր է հասցեագրել ոլորտի առկա խնդիրներն ու հասնել ցանկալի արդյունքների։
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի ուսանողների հետ։
Նախարար Սանոսյանը, հանդիսանալով այդ ֆակուլտետի շրջանավատ, ուսանողների հետ կիսվել է իր մասնագիտական փորձով, ՏԿԵ նախարարի աշխատանքում աշխարհագրություն մասնագիտության կարևորության մասին․
«Պետք է ասեմ, որ իմ մասնագիտությունը շատ է օգնում Հայաստանի ամենամեծ նախարարությունը կառավարելու գործում»,-ասել է նախարարը։
Այնուհետև նախարարը խոսել է ՏԿԵ նախարարություն-ԵՊՀ համագործակցության անհրաժեշտության մասին։ Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մի շարք ուղղություններով փորգործակցելու, նախարարությունը կողմից ԵՊՀ-ին ծրագրեր պատվիրակելու ուղղությամբ, որը դասախոսների և ուսանողների համար կլինի գիտական, մասնագիտական աշխատանք․
«Մարդիկ, ովքեր կներգրավվեն այդ աշխատանքներում, կդառնան մեր գործընկերը, մեր ոլորտը իմացող մարդիկ կկուտակեն փորձ, որը կծառայի ոլորտի զարգացմանը։ Իսկ համագործակցության ուղղությունները, հավատացեք, շատ են»,-ասել է նախարարը։
Նախարարը պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ խոսել է նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչով ամբողջությամբ առնչվում է ՏԿԵ նախարարությանը։
Հանդիպման երկրորդ հատվածում Սանոսյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների հարցերին։