Պատմամշակութային 8 հուշարձան, այդ թվում՝ 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին կվերականգնվի
Պատմամշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման համար 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 396.2 մլն ՀՀ դրամ, որի արդյունքում իրականացվելու են 8 հուշարձանի վերականգման աշխատանքներ: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Մասնավորապես, վերականգնվելու են Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և այլն:
«Այս պահին մրցութային փուլում են 9 հուշարձանների վերականգնման-գիտանախագծային փաստաթղթեր, որոնց մեծ մասը հասարակական և պետական նշանակություն ունեցող հուշարձաններ են՝ մասնավորապես «Բերդկունք»-ը, Լոռու մարզի Բարձրաքաշի եկեղեցին և այլն»,- նշեց Ալֆրեդ Քոչարյանը։
Նա նաև հիշեցրեց, որ այս տարի լրամշակվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը 1998 թ-ից հետո ընդամենը մեկ անգամ է բովանդակային լրամշակվել։
Փոխնախարարը նշեց նաև, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 օբյեկտ, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն:
«Հուշարձանների ոլորտին լուրջ ուշադրություն է դարձվում և հսկայական աշխատանք է տարվում դրանց վերականգման համար։ Նշեն, որ հաջորդ տարի մեր բյուջեն հասնելու է 1,2 միլիարդի: Նման գումար երբևէ չի հատկացվել այդ ոլորտին։ Մենք համոզված ենք, որ ՀՀ կառավարության կողմից տրված գումարները հնարավորություն կտան էլ ավելի լավացնել հուշարձանների վիճակը, ունենալ զբոսաշրջային նոր ուղղություններ»,- ընդգծեց նա:
Ալֆրեդ Քոչարյանը նաև հայտնեց, որ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, որը դեռ չի ընդգրկում ամբողջ պատմական Արտաշատը, սակայն նախարարությունն արդեն մշակում է սահմանների ընդլայնման նախագիծ:
Նրա խոսքով՝ նոր և հետաքրքիր նախագծերի վրա են աշխատում։ Մասնավորապես, լինելու են տեղեկատվական կենտրոններ, որոնք նախատեսում ենք տեղադրել Հայաստանի բոլոր հուշարձանների մոտակայքում: Ըստ նրա՝ 2023-ին պատրաստվել էր դրա նախագիծը, մրցույթի անցկացման դեպքում հույս ունեն, որ 2024-ին մի քանի հուշարձանի մոտակայքում կլինեն նման կառույցներ։ «Դրանք լինելու են մոդուլային տիպի կառույցներ, որոնցում լինելու է ինչպես տոմսավաճառի կետը, այնպես էլ հուշանվերների խանութ, սրճարան, սանհանգույց և այլն»,- ասաց Ալֆրեդ Քոչարյանը: