Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանների բնակիչների բնակարանային խնդիրը լուծել ենք. Ավինյան
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 3 վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով այս պահի դրությամբ իրականացվել է 44 ընտանիքի վերաբնակեցման գործընթացը, որից 23-ին տրվել են բնակարաններ, 21-ին՝ բնակարանների գնման վկայագրեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը:
«Եվս 7 ընտանիքի հարց կլուծվի այսօր: Մնացած 12 ընտանիքների հետ աշխատանքները դեռ շարունակվում են: Խնդրում եմ մեկ ամսով երկարաձգել աշխատանքները՝ մինչեւ վերջնական ավարտը»,-ասաց նա:
Անդրադառնալով թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ սա շատ կարևոր արձանագրում է. «Մենք փաստացի արձանագրում ենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանների բնակիչների համար մենք արդեն լուծել ենք բնակարանային խնդիրը: Հաջորդիվ` հունվարին. ես վստահ եմ, որ կզեկուցվի Արզումանյան 10 և 17 հասցեների բնակիչների բնակարանային խնդրի լուծման ընթացքը: Սա մեր ամենակարևոր հանձնառություններից մեկն է, և ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին, որ հատուկ ուշադրություն դարձնենք այս հարցերին, որովհետև 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչներն ամենօրյա վտանգի ներքո են ապրում, և հետևապես, մեր կարևորագույն խնդիրներից մեկն է այդ մարդկանց հարցերը և խնդիրները լուծել»,- ասաց Ավինյանը: