Եգիպտոսը Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու ծրագիր է ներկայացրել
Եգիպտոսը եռաստիճան ծրագիր է առաջարկել Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև պատերազմին վերջ տալու համար։ Ծրագիրը ներառում է զինադադար, պատանդների ազատ արձակում եւ պաղեստինյան կառավարության ձեւավորում, գրում է իսրայելական The Times of Israel թերթը։
Հրատարակության համաձայն՝ դեկտեմբերի 24-ին իսրայելցի պաշտոնյաները մի քանի հրեական լրատվամիջոցների հաստատել են, որ Եգիպտոսը քննարկման է ներկայացրել «ՀԱՄԱՍ»-ի հետ պատերազմում զինադադարի և Գազայի հատվածում գրոհայինների կողմից պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման նոր առաջարկը։ Որոշ պաշտոնյաների կարծիքով՝ Իսրայելը կտրականապես չի մերժում առաջարկը․ նախագիծը կարող է հանգեցնել բանակցությունների։
Ըստ սաուդյան Asharq լրատվական կայքի, որը վկայակոչում է անցյալ շաբաթ Կահիրեում Եգիպտոսի և «ՀԱՄԱՍ»-ի միջև բանակցություններին մասնակցած աղբյուրը, եգիպտական նախաձեռնությունը պլան է ներկայացրել դադարեցնել մարտերը և ազատ արձակել մնացած պատանդներին երեք փուլով:
Առաջին փուլը ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցումն է՝ 40 պատանդների՝ կանանց, անչափահասների և տարեց տղամարդկանց, հատկապես հիվանդների ազատ արձակման դիմաց։ Դրա դիմաց Իսրայելը կազատի 120 պաղեստինցի բանտարկյալների։ Այդ ընթացքում ռազմական գործողությունները կդադարեն, իսրայելական տանկերը հետ կկանչվեն, իսկ Գազա կհասնի մարդասիրական օգնություն, նշում է Times of Israel-ը։
Երկրորդ փուլում կձևավորվի տեխնոկրատական կառավարություն Արևմտյան ափում և Գազայի հատվածում, որը կվերահսկի անկլավի վերակառուցումը և ճանապարհ կհարթի Պաղեստինի խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար:
Երրորդ փուլը կներառի համապարփակ զինադադար:
Այս փուլում Իսրայելը դուրս կբերի իր զորքերը Գազայի հատվածի քաղաքներից և թույլ կտա անկլավի հյուսիսից տեղահանված Գազայի հատվածի բնակիչներին վերադառնալ իրենց տները, նշում է թերթը։