Հիպերտոնիկ կրիզ․ ինչպես է դրսևորվում
Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, որը դրսևորվում է սովորականից էականորեն բարձր ցուցանիշով:
Հիպերտոնիկ կրիզի զարգացման հնարավոր պատճառներ կարող են լինել հակագերճնշումային թերապիայի կտրուկ դադարեցումը, քրոնիկ հիվանդությունների սրացումը, այլ պատճառներով դեղերի անվերահսկելի օգտագործումը, մթնոլորտային ճնշման տատանումներն ու հոգեհուզական լարվածությունը։
Հիպերտոնիկ կրիզն ուղեկցվում է տարբեր կլինիկական ախտանիշներով, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում՝ կանխելու կամ սահմանափակելու կենսական օրգանների ախտահարումը և վնասումը: Հիպերտոնիկ կրիզի ժամանակ վնասման ենթակա թիրախ օրգաններն են՝ սիրտը, գլխուղեղը, երիկամները, անոթները, տեսողական օրգանը:
Հիպերտոնիկ կրիզի ժամանակ թիրախ օրգանների ախտահարումը դրսևորվում է տարբեր կլինիկական պատկերներով՝
սուր կորոնար համախտանիշ,
գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում,
հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա,
սուր ձախ փորոքային անբավարարություն,
աորտայի անևրիզմայի շերտազատում և այլն:
Հիպերտոնիկ կրիզը կլինիկորեն դրսևորվում է կարճ ժամանակում զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմամբ, եթե ճնշումը բարձանում է իր համար նորմալ ցուցանիշից բարձր։
Հիպերտոնիկ կրիզը բնութագրվում է ուղեղային, սրտային ախտանիշներով՝ գլխապտույտներ, սրտխառնոց, փսխումներ, «աչքերի առջև մթնեցում», երկտեսություն, հևոց, նաև սրտի շրջանում ցավ:
Հիպերտոնիկ կրիզի ժամանակ չպետք է կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը, այլ աստիճանաբար, հակառակ դեպքում զարկերակային ճնշման կտրուկ իջեցումը կարող է հանգեցնել գլխուղեղի սնուցման խանգարման, թերսնուցման և հնարավոր ինսուլտի զարգացման, փոխանցում է Aysor.am-ը։