Ի՞նչ անել գլխացավի դեպքում
Լարվածության գլխացավը սովորաբար հայտնվում է ակնթարթորեն, տեսակով մեղմ և տանելի ցավ է:
Սա գլխացավի ամենատարածված տեսակն է, որի պատճառները, սակայն, բավարար պարզաբանված չեն: Լարվածության գլխացավը անվանում են նաև սթրեսոգեն կամ նևրոտիկ գլխացավ անվամբ։
Լարվածության գլխացավերն ունեն բուժման տարատեսակ մեթոդներ:
Այս տեսակի գլխացավի կառավարումը հաճախ իրենից ներակայցնում է առողջ սովորույթների կիրառման, արդյունավետ, ոչ դեղորայքային բուժում գտնելու և դեղերի պատշաճ օգտագործման միջև լավագույն հավասարակշռության ապահովումը:
Լարվածության գլխացավի նշաններն ու ախտանիշները ներառում են՝
բութ գլխացավ,
ճակատով մեկ կամ քունքերի և գլխի հետևի մասում ձգվածության կամ ճնշման զգացում,
գլխամաշկի, պարանոցի և ուսի մկանների գերզգայունություն կամ ցավոտություն:
Լարվածության տիպի գլխացավերը բաժանվում են երկու հիմնական դասի՝ դրվագային և քրոնիկ։
Դրվագային լարվածության գլխացավերը կարող են տևել 30 րոպեից մինչև մեկ շաբաթ: Հաճախակի դրվագային լարվածության գլխացավերը կրկնվում են ամսական մինչև 15 օր՝ առնվազն երեք ամսվա ընթացքում:
Հաճախակի կրկնվող դրվագային լարվածության գլխացավերը հեշտությամբ դառնում են քրոնիկ:
Պետք է նշել նաև, որ է լարվածության գլխացավերը կարելի է հեշտությամբ շփոթել միգրենի հետ։
Ավելին, եթե առկա են հաճախակի դրվագային լարվածության գլխացավեր, կարող է առաջանալ նաև միգրեն:
Ի տարբերություն միգրենի որոշ ձևերի, լարվածության գլխացավերը սովորաբար չեն ուղեկցվում տեսողության խանգարումներով, սրտխառնոցով կամ փսխմամբ:
Թեև ֆիզիկական ակտիվությունը սովորաբար ուժեղացնում է միգրենային ցավը, այն չի վատթարացնում լարվածության գլխացավը:
Լույսի կամ ձայնի նկատմամբ զգայունության բարձրացում կարող է առաջանալ նաև լարվածության գլխացավի դեպքում, սակայն այս ախտանիշը տարածված չէ:
Եթե լարվածության գլխացավերը խաթարում են կյանքի բնականոն ընթացքը կամ շաբաթական երկու անգամից ավելի գլխացավի դեմ դեղեր ընդունելու կարիք է զգացվում, ապա անպայման պետք է դիմել բժշկի:
Երբեմն գլխացավերը կարող են վկայել լուրջ հիվանդության մասին, ինչպիսին է գլխուղեղի ուռուցքը կամ թուլացած արյունատար անոթի պատռվածքը (անևրիզմա):
Ներքոնշյալ գանգատներից կամ ախտանիշներից որևէ մեկը ունենալու դեպքում, անհապաղ դիմեք բուժօգնության՝
կտրուկ, ուժեղ գլխացավեր,
գլխացավ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, պարանոցի կարկամվածությամբ և ձգվածությամբ, գիտակցության շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, թուլությամբ, թմրածությամբ կամ խոսքի դժվարացմամբ,
երբ գլխացավն առաջացել է գլխի վնասվածքից հետո, հատկապես, եթե ցավը գնալով սաստկանում է, փոխանցում է Aysor am-ը։