Կինը գանգատվել է երկարատև հարբուխից և կորցրել քիթը
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում բնակվող Լիզ Մերսերը կորցրել է քիթը քաղցկեղի պատճառով, որը բժիշկները մեկուկես տարի շփոթել են մշտական և չբուժվող հարբուխի հետ: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը։
49-ամյա Մերսերն ասում է, որ քաղցկեղի առաջին նշաններն ի հայտ են եկել 2021 թվականի հունվարին։ Սկզբում նրա մոտ պարզապես խցանվել էր քիթը, գլխացավ ուներ։
Այդ ժամանակ նա մի քանի անգամ դիմել է բժշկի, սակայն նրա ախտանշանները շփոթել են հարբուխի հետ և նշանակել է սփրեյներ, որոնք չեն օգնել: Առաջին ախտանիշների ի հայտ գալուց չորս ամիս անց բրիտանուհին վատացել է՝ դեմքի ձախ կողմը թմրել է, քթից ուժեղ արյունահոսություն է սկսվել։
Նա պնդում է, որ կրկին դիմել է այլ մասնագետների, ովքեր համակարգչային տոմոգրաֆիա են արել, նաև եզրակացրել, որ իր քթում վարակ կա։
«Ես զգացի, որ քթումս մի ուռուցք է առաջացել և սարսափելի հոտ զգացի։ Անընդհատ կղանքի հոտ էր գալիս։ Այս պահին ես համոզված էի, որ քաղցկեղ ունեմ, քանի որ քիթս սկսեց կորցնել իր ձևը: Նախկինում ես լրիվ ուղիղ քիթ ունեի, բայց այն սկսեց մի կողմ թեքվել, ուռել ու կարմրել»,-պատմել է նա։
Կնոջ խոսքով՝ բժիշկները վերջապես կարողացել են պարզել նրա վիճակի իրական պատճառը 2022 թվականի հունիսին՝ ագրեսիվ քաղցկեղ։ Բայց մինչ այդ, շարունակել է Մերսերը, ուռուցքը մեծապես աճել էր, և դրանից հնարավոր էր ազատվել միայն քիթը ամբողջությամբ անդամահատելով։
«Երբ ես առաջին անգամ տեսա ինձ վիրահատությունից հետո, սարսափելի էր, և երկար ժամանակ պահանջվեց, որ ընտելանայի»,- գանգատվել է կինը։
Մերսերը նշել է, որ ճառագայթային թերապիայի 30 կուրսից հետո իր հիվանդությունը թուլացել է։ Այնուամենայնիվ, նա այժմ ստիպված է կրել քթի սիլիկոնե պրոթեզ և պայքարել հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեմ: