Ցմահ դատապարտյալը մոր օգնությամբ փախել էր բանտից
ԱՄՆ-ում ձերբակալել են մոր օգնությամբ բանտից փախած հանցագործին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New York Post թերթը։
39-ամյա Ռոբերտ Յանսեյը, որը ցմահ դատապարտվել էր յոթամյա աղջկան բռնաբարելու համար, անհետացել էր Տեխասի Բրազորիա շրջանի բանտից կիրակի օրը՝ դեկտեմբերի 17-ին: Այդ օրը նրան այցելել էր մայրը՝ Լեոնոր Փրիսթլը։ Կնոջը մի կերպ հաջողվել է տեսակցության սենյակ մտցնել որդու համար նախատեսված հագուստ, ինչպես նաև մեկ ուրիշի անունով նույնականացման քարտ։
Քաղաքացիական հագուստով հագնվելով՝ Յանսեյին հաջողվել է մոր հետ հեռանալ ուղղիչ հիմնարկից։ Նրանք նստել են մեքենան ու անհետացել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ են բանտի աշխատակիցները իմացել փախուստի մասին։
Նույն օրը երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում Փրիսթլին բերման են ենթարկել բանտից մոտ 180 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Յանսին իր մեքենայում չի եղել: Հաջորդ օրը բանտից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քոլինգի ջրամբարի մոտ գտնվող այգում հանգստացողները ճանաչել են փախածին և ոստիկանություն կանչել։
Իրավապահների հայտնվելուց հետո Յանսին նրանց ցույց է տվել անձը հաստատող փաստաթուղթը, որը նա օգտագործել է փախուստի համար, և փորձել է ներկայանալ մեկ այլ անձ, սակայն շուտով խոստովանել է փախուստը: