COVID-19-ի դեպքերն աշխարհում վերջին 28 օրվա ընթացքում աճել են 52 տոկոսով. ԱՀԿ
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն աճել է 52 տոկոսով՝ նախորդ չորս շաբաթների համեմատ: Դրա հետ մեկտեղ աշխարհում մահացությունը նվազել է 8 տոկոսով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն ՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 854 673 դեպք և 3 005 մահ:
Ըստ աղբյուրի՝ ԱՀԿ տվյալները վկայում են տարբեր տարածաշրջաններում հիվանդացության և մահացության տարասեռ պատկերի մասին։ Հարավարևելյան Ասիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը չորս շաբաթվա ընթացքում աճել է 388 տոկոսով, մահացությունն աճել է ավելի քան երեք անգամ:
Աֆրիկայում գրանցվել է 77 տոկոսով ավելի հիվանդ և 50 տոկոսով ավելի քիչ մահացածներ: Եվրոպայում հիվանդացության աճը կազմել է 54 տոկոս, մահացությունն աճել է 14 տոկոսով։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում հիվանդացությունը նվազել է 23 տոկոսով, իսկ մահացությունը ՝ 48 տոկոսով: