Ռուսաստանում վերջապես հասկացան, որ Թուրքիան իրավիճակային դաշնակից է. Սեմյոն Բաղդասարով. Alphanews.am
Alphanews.am-ը գրում է. Յուրաքանչյուր երկիր մյուսին օգտագործում է իր շահերի համար, և Ռուսաստանում վերջապես հասկացան, որ Թուրքիան ընդամենը իրավիճակային դաշնակից է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ մեկնաբանելով գալիք տարում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
«Յուրաքանչյուր երկիր օգտագործում է մեկ այլ երկիր իր շահերի համար։ Ռուսաստանը վերջապես հասկացավ, որ Թուրքիան նույնքան իրավիճակային դաշնակից է, որքան որոշ երկրներ, և դա բարձրաձայն ասվում է։ Թուրքիան շատ լավ հասկանում է Ռուսաստանին: Եվ այստեղ ամեն մեկն իր օգուտը կփնտրի։
Բայց Ռուսաստանին պետք է «Թուրքական հոսքը», նրան շուկա է պետք։ Այնպես որ, յուրաքանչյուրն առաջնորդվելու է իր շահերով, և այդ հարաբերություններն այնպիսին են լինելու, որ ցանկացած պահի կարելի է թուրքական կողմից սպասել անակնկալների՝ «հերթական դանակը մեջքին»։ Էրդողանը այդպիսին է: Նա շատ ցինիկ է, նախատում և հայհոյում է Իսրայելին, բայց առևտուրը չի կրճատում նրա հետ»,- ասել է Բաղդասարովը։
Խոսելով Ռուսաստան-Իրան հարաբերությունների մասին՝ փորձագետն ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ Իրանում։
«Իրանը հսկայական շուկա է, և ինչո՞ւ ավելի համարձակ չգնալ այս շուկա: Կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հետաքրքրությունը կշարունակվի»,- եզրափակել է Բաղդասարովը։