«Նուբարաշեն» ՔԿՀ որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցներից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ և ոգելից խմիչքներ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Կ․Դ․-ի անվամբ քաղաքացի Հ․Մ․-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։ Այս մասին տեղեկացրին ՔԿԾ-ից:
«Զննությամբ սառնարանի երկու կողային հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 9 զույգ ականջակալ, լիցքավորման 6 լար, 1 լիցքավորիչ, սմարթ ժամացույց, բջջային հեռախոսի էկրան, ինչպես նաև 4 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։
Բացի այդ՝ թաքստոցներից հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 22 պլաստմասսակե տարաներ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, մուգ շագանակագույն և անգույն հեղուկ զանգվածներ։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ։