Ես ապօրինի ծագման հետ ի՞նչ կապ ունեմ, որ մի հատ էլ ինձ նման բան գա կամ չգա․ Առուշանյան
Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։
Առուշ Առուշանյանի համար, սակայն, անակնկալ էր այս նորությունը։ Նա Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դատախազությունից որևէ ծանուցում չի եկել, տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։
«Ի՞նձ են հրավիրել դատախազություն։ Ես ոչ ծանուցում եմ ստացել, ոչ էլ էդպիսի բան եղել է»,-ասաց Առուշանյանը։
-Իսկ որ ստանաք ծանուցում, կներկայանա՞ք դատախազություն։
-Որ ստանամ, ո՞նց չպիտի գնամ, բայց ես ապօրինի ծագման հետ ի՞նչ կապ ունեմ, որ մի հատ էլ ինձ նման բան գա կամ չգա։
-Գրված էր, որ Ձեզ հրավիրել են դատախազություն՝ Ձեզ պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու։
-Իմ գույքերը եղել է մինչև իմ․․․ Իմ հերը ինչ գույք ունի, դա ունեցել է ի սկզբանե, իմ հայրը խոշոր հարկատու է եղել Հայաստանի Հանրապետությունում, ու ինձնից բացի՝ պաշտոնյա չի եղել, ոչ հորս կողմից ենք պաշտոնյա ունեցել, ոչ մորս կողմից ենք կյանքում պաշտոնյա ունեցել, ի՞նչ ապօրինի գույքի վերաբերյալ․․․
-Նաև հայտարարագիր ներկայացնելու համար են հրավիրել, ըստ հրապարակման։ Դուք հայտարարագիր ներկայացրե՞լ եք։
-Այո։
-Կարո՞ղ է՝ ինչ-որ խնդիր կա հայտարարագրի հետ կապված։
-Չեմ կարծում։ Ինձ, ամեն դեպքում, նման բան չի եկել, և ես էդպիսի ծանուցում չեմ ստացել։