ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են միջազգային կառույցների հետ ծրագրային համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանը և Միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Շանթ Աբու Շամը մասնակցել են «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
Միջոցառման շրջանակներում ներկայացնվել են տարվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքները և 2024 թվականի ընթացքում համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները։
Պաշտպանի ներկայացուցիչներն անդրադարձել են տարվա ընթացքում ՄԱԿ-ի՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և այլ կառույցների հետ ծրագրային համագործակցությանը։ Միքայել Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու համար։
Նիստին մասնակցել են նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Եվրամիության պատվիրակության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ։
Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի նպատակն է աջակցել պետական մարմինների` արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին։