«Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի մասին «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է, ապա՝ ուղարկել Քննչական կոմիտե։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Երեկ հայտնի դարձավ, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում
«Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։
Բացի այդ, կայքը հանդես էր գալիս ամերիկյան հայտնի City bike ընկերության անունից, և նշում, թե երբ մարդիկ ներդրում են անում, ամերիկյան ընկերությունը դա օգտագործում է նոր հեծանիվների համար, և դրանք վարձակալության տալով՝ մարդկանց տոկոսներ է տալիս։
Պարզել էինք նաև, որ մարդկանց էջերն առանց պատճառի արգելափակում էին և բոլորին մեկ պատասխան էին տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում էին «վերադասներին», նրանք չէին պատասխանում նամակներին կամ կրկին արգելափակում էին։
Կայքից բացի, խանութներ էին բացվել Երևան, Գյումրի և Մասիս քաղաքներում։ Գրել էինք, որ Րաֆֆու 23/6 տարածքը, որտեղ «Սիթի բայք»-ի խանութն է, 2023թ. հուլիսի 1-ից վարձակալության է հանձնվել Ջուլիետա Մարտիրոսյանին։
Ջուլիետան խանութի մենեջերն է եղել, նաև՝ «Սիթի բայք»-ի միջոցառումների կազմակերպիչը։ Ջուլիետան անհատ ձեռնարկատեր է, նրա գործունեության հասցե նշված էր Րաֆֆու 23/6-ը, այսինքն՝ հենց այս խանութի հասցեն։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ վերջինիս գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։
«Սիթի բայք»-ն իր տելեգրամյան պաշտոնական խմբում հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք օրինական են աշխատում, քանի որ գրանցված են։ Այդ փաստաթղթում նշված էր Ալիսա Հովակիմյան ԱՁ անունը, փաստաթուղթը նաև փակցրած էր Րաֆֆու 23/6 փողոցի վրա գտնվող խանութի դռանը։
Որպես մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ հայտնել էր, որ «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերություն ունեն և ցույց էր տվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից վերցրած մի փաստաթուղթ, որտեղ նշված էր Ասյա Մեհտիի Գասպարյանի անունը՝ իբրեւ ընկերության 100% բաժնետեր։ Ընկերությունը գրանցվել է նոյեմբերի 15-ին։
«Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ Պարզեցինք, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։