«Դա իմ կարծիքն է». Ալեն Սիմոնյանը չբացառեց սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատելու հնարավորությունը
Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել. չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից:
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել, անգամ տարիներ: Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ: Ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո կարող է նաև նման բան լինել, բայց դա իմ կարծիքն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ դա չի՞ կարող նոր խնդիրների պատճառ դառնալ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես դրա համար ասացի, որ եթե պետությունը գնում է խաղաղության, կարելի է երեք հատ խաղաղության պայմանագիր կնքել եւ երեք ժամ հետո հարձակվել մեկը մյուսի վրա: Իսկ սահմանազատման, սահմանագծման պրոցեսը կարող է իրոք շատ երկար տեւել»: