Չեխիայում սգո օր է հայտարարվել Պրահայում հրաձգության հետևանքով 14 մարդու մահվան պատճառով
Չեխիայում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ը, սգո օր է հայտարարվել Պրահայի Չարլզի համալսարանում 14 մարդու մահվան կապակցությամբ, հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան։
Այս որոշումն ընդունվել է Չեխիայի կառավարության արտահերթ նիստում։
Հինգշաբթի օրը Պրահայի Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի 24-ամյա ուսանող Դեյվիդ Կ.-ն ինքնալիցքավորվող հրացանից կրակ է բացել լսարաններում գտնվող ուսանողների, ինչպես նաև այդ պահին համալսարանի կողքով անցնող մարդկանց ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 25 մարդ վիրավորվել է, որոնցից 11-ի վիճակը ծանր է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Դեյվիդ Կ.-ն մանրակրկիտ կերպով նախապատրաստել է իր պլանը, հետո ինքնասպան է եղել։
«Չեխիայի Հանրապետության բոլոր քաղաքացիները ցնցված են այսօր (դեկտեմբերի 21-ին) տեղի ունեցածից, մեզ բոլորիս միավորում է տեղի ունեցածի ցավը և կարեկցանքը զոհերի և նրանց սիրելիների նկատմամբ։ Երեկոյան կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, որին մասնակցել են հանրապետության նախագահը և խորհրդարանի ստորին պալատի նախագահը»,- ասել է Ֆիալան։
Հանրապետության ղեկավար Պյոտր Պավելը, ով միջադեպի պատճառով ընդհատել է իր այցը Ֆրանսիա և վերադարձել Պրահա, ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։