Արտահերթ ընտրությունների գնալն արհեստական օրակարգ է. Իշխան Սաղաթելյան
ArmLur.am-ին տված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատասխանել է արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի։ Հարցազրույցից մի հատված՝ ստորև․
-Վերջին օրերին թեժ խոսակցություններ են գնում, որ իշխանությունները մտադիր են 2024 թ-ին գնալ արտահերթ ընտրությունների, ի՞նչ եք կարծում՝ կգնա՞ն այդ ճանապարհով իշխանությունները:
-Դա պարզ հարց չէ, խորքային է, բայց չեմ կարծում, որ իրենք կգնան այդ ճանապարհով՝ նկատի ունենալով թե՛ սոցիալ-տնտեսական կանխատեսումները, որոնք սպասվում են մեր երկրում, ինչպես նաև աշխարհաքաղաքական դասավորությունները, նաև մի շարք այլ հանգամանանքները: Բացառված սցենար չէ, որ փորձեն նոր ընտրությունների գնալ՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով կվերարտադրվեն։
-Իսկ ընդդիմությունը պատրա՞ստ է նոր ընտրությունների:
-Սա ինչ-որ տեղ նաև արհեստական օրակարգ է՝ բոլոր հարցերն ու խնդիրներն այլ ուղղությամբ տանելու համար, հետևաբար, ավելի առաջնային խնդիրներ կան, այս պահին պետք է կենտրոնանալ դրանց վրա:
-Պարո՛ն Սաղաթելյան, ընդդիմությունը թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում շատ պասիվ է, միայն հայտարարություններ են հնչում առկա վտանգների ու քայլերի մասին, բայց կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվում:
-Վերջին շրջանում, տեսել եք՝ ինչ ակտիվ գործունեություն է ծավալում ընդդիմությունը, սկսած անվտանգային, սոցիալ-տնտեսական և Արցախի հետ կապված հարցերով, բոլոր խնդիրները բարձրաձայնվում են, սուր քննադատություններ են հնչեցվում՝ փորձելով ժողովրդին ներկայացնել իշխանության ղեկին հայտնվածների վարած քաղաքականությունը: Զուգահեռ, մենք գրեթե ամեն շաբաթ այցելում ենք տարբեր մարզեր՝ Սյունիք, Գեղարքունիք, վերջին մեկ ամսվա ընթացքում իմ գործընկերների հետ 7-8 մարզերում եղել ենք, հանդիպել ենք այնտեղի բնակչությանը, խոսել խնդիրների մասին: Այս պահին մեր խնդիրը ամենօրյա աշխատանքն է ժողովրդի հետ, որպեսզի նրանց բացատրենք այս իշխանությունների վարած կործանարար քաղաքականության հետևանքները և համախմբենք մարդկանց՝ ազգային օրակարգի շուրջ:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: