Եթե արցախցիները մտածեն, որ վերջ, Արցախ վերադարձի տարբերակ չկա, տասնյակ հազարներով հեռանալու են ՀՀ-ից. պատգամավոր․ News.am
Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել, ինքը Արցախի անկումից հետո միշտ ասել է, որ Արցախի հարցը արդեն փակված է եւ 30 տարիների ընթացքում, որ գումարներ է ծախսվել Արցախի վրա, ինչ-որ ծրագրեր են եղել, այդ ամբողջը անիմաստ է եղել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Իր թեզն այն է, որ այդ ամենը սխալ էր, իզուր էր: Իր համոզմամբ Արցախը մերը չի, 30 տարի էլ մերը չի եղել, առհասարակ հնարավոր չէր, որ մերը լիներ: մեկ ասում ՝ 1991-ին են Արցախը տվել, մեկ ասում ՝ 2007-ին են տվել: Այդ ընթացքում 5-6 անգամ Արցախը տվել են, սա իր նոր թեզն է: Հիմա մի քիչ ավելի ակտիվացել է այդ թեմայով խոսելը, ու դա կարող է լինել ադրբեջանական պահանջ, որ վերջնականապես դուք ձեր հասարակությանը տրամադրեք, որ Արցախի հարց գոյություն չունի, մոռացեք, այդ հարցը փակված է, եւ անգամ մտքներովդ չանցնի մտածել Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու մասին: Սա, կարծում եմ՝ դրսի պահանջ է: Մարդկանց մեջ հույսը կոտրում են, որ դուք հնկարծ հույս չունենանք, որ Արցախ կվերադառնաք»,-ասաց ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով, հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կասի՝ դե ես ասել եմ, որ Արցախի էջը փակված է. «Հաջողության դեպքում էլ կասի՝ ճիշտ է, ես ասել եմ Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, «անջատում հանուն փրկության», բայց հիմա էլ ասում եմ, որ Արցախի էջը փակված է եւ մարդիկ դրան համաձայն են եւ ինձ մանդատ են տվել: Այսինքն իր այսօրվա գործելաոճը ես երկու բանի հետ կարող եմ կապել, առաջինը Ադրբեջանի պահանջի հետ, երկրորդն էլ ուղղված է հանրությանը, որ ժողովուրդ, եթե հույսեր եք փայփայում, որ կարող եք վերադառնալ Արցախ կամ հետ բերել Արցախը, չկա այդպիսի բան»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նա հայտարարեց, որ հիմա ՀՀ իշխանություններն իրենց ծրագրի հաջորդ փուլին են անցնում. «Ստեղծել մի իրավիճակ, որ արցախցիները Հայաստանում չկարողանան մնալ եւ հազարավոր արցախցիներ արտագաղթեն Հայաստանից: Եթե արցախցիները մտածեն, որ վերջ, Արցախի էջը փակված է եւ հետ վերադարձի տարբերակ չկա, ես համոզված եմ, որ տասնյակ հազարավոր արցախցիներ չեն մնալու Հայաստանում: Որովհետեւ ավելի լավ պայմաններ կան դրսում, թե աշխատանքի, թե բնակարանի վարձի առումով: Սա ազդակ է արցացխիներին, որ մի մնացեք այստեղ, գնացեք: