Դատարանը վճռեց Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կայացրեց դատավճիռ։
Դատարանը վճռեց՝ Չալաբյանի ազատությունը սահմանափակել 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։
Դատարանն արգելեց նաև Չալաբյանին՝ մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության վայրը փոփոխել։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար:
Գործով մեղադրանք էր առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին: