Պետությունը պարտավոր է արցախցիներին ապահովել տներով. Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
Երեկ Իջեւանում, շատ գեղեցիկ, փոքրիկ Նովել անվանումով սրճարանում հանդիպեցի իջեւանցի, ինչպես նաեւ Արցախից Իջեւանում հաստատված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Շատ կարեւոր եւ ջերմ հանդիպում էր, որին միացավ նաեւ Հայաստան խմբակցության պատգամավոր Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանը։
Երկար, շատ երկար զրույց ստացվեց։ Նորից եմ կրկնում եւ պնդում, պետությունը պարտավոր է արցախցիներին ապահովել տներով եւ բնակարաններով, հատուկ ծրագրի իրականացումով։ Ընդ որում, որքան հեռու Երեւանից եւ մոտ սահմանին, այնքան բնակարանն ու տունը ավելի մեծ ու լավը պետք էլի լինի։
Մեկ առ մեկ նշել եմ հանդիպման մասնակիցների խնդիրները եւ հետամուտ եմ լինելու դրանց լուծմանը, հիմա միայն մեջբերեմ արցախցի երիտասարդի ասածը, որը լինելով իրավաբան, հիմա տաքսի է քշում, որ կարողանա ընտանիքի խնդիրները հոգալ եւ տան վարձը տալ։ Նա ասաց, որ արցախցիները շատ խնդիրներ ունեն, շատ բանի կարիք ունեն, բայց ամենաշատը ուզում են ժպտադեմ բարեւի եւ ջերմ շփման արժանանալ։
Վերջում ավելացնեմ, դժվար չէ գոնե մարզպետարաններում մեկական կետ բացել, որ արցախցին Իջեւանից կամ Բերքաբերից, Գորիսից կամ Գյումրիից մեկ տեղեկանքի համար Երեւան չհասնի։
Առայժմ այսքանը։