Ինչի հաշվին Հայաստանը 2024թ-ին ՀՆԱ-ի աճ կապահովի․ MediaHub
Եվրասիական զարգացման բանկը 2024 թվականին ԵԱՏՄ բոլոր երկրներում ՀՆԱ-ի աճ է կանխատեսում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվում է 5,7%-ի աճ։
Որքանո՞վ է հիմնավոր այս կանխատեսումը. MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը հիմնականում հիմնված է այս տարվա և անցած տարվա ցուցանիշների վրա, իսկ անցյած տարի 12,6 % էր։ Այս տարի կանխատեսումներ կան, որ տնտեսական 8,9% աճ կլինի»,- ասաց տնտեսագետը։
Ըստ նրա` եթե պահպանվեն արտաքին գործոնները, մասնավորապես Ռուսաստանից եկող տրանսֆերտները, վերարտահանման ծավալները դեպի Ռուսաստան, ապա այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ այդ ցուցանիշը կապահովվի։ Դրան գումարած նա նշեց նաև այն հանգամանքը, որ Կառավարությունը նախատեսում է 2024թ․ վերագործարկել Ամուլսարը, ինչը կարող է ՀՆԱ-ի աճին լրացուցիչ 1% ապահովել։
Եվ նա հիշեցրեց, որ Ամուլսարի ֆինանսավորողներից մեկը պետք է հանդիսանա Եվրասիական զարգացման բանկը։
Հայաստանը, հիշեցնենք, հաջորդ տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, սակայն Պարսյանը չի կապում նման լավատեսական կանխատեսումն այդ հանգամանքի հետ:
«Չեմ կարծում, որ այս ամենը կապված է ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու հետ, ավելի շատ Ամուլսարի և արտաքին գործոնների հետ է կապված։ Նաև ԵԱՏՄ-ում նախագահությունը կապված չէ ՀՆԱ-ի տնտեսական աճի տեմպի հետ»,- հավելեց տնտեսագետը։