Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը ամփոփել է 2023 թվականը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է 2023 թվականը և խոսել օլիմպիական տարվա նպատակների մասին:
«Այս տարին հաջող էր մեզ համար։ Չեմ ասի շատ հաջող, քանի որ սպասելիք ունեինք աշխարհի առաջնությունից, որտեղ պետք է մեդալներ նվաճեինք։ Ինքներս ենք բարձրացրել այդ նշաձողը։ Վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկությունները շատ հաջող էին։ Արթուր Դավթյանը 3 մրցումներում էլ չեմպիոն դարձավ։ Ընդհանուր առմամբ, ունեցանք շատ լավ արդյունքներ։
Այս տարի նվաճել ենք 17 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե մեդալ։ Ընդհանուր ունեցել ենք 36 մեդալ, բայց փոքր ու միջազգային մրցաշարերը չեմ հաշվում։ Մեր ապագան ու հույսը երիտասարդներն են, նրանք շատ լավ արդյունքներ են գրանցում»,- նշել է Հակոբ Սերոբյանը։
Հայ մարմնամարզիկներից Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, փոխանցում է shantnews.am-ը։