Հայ մարմնամարզիկներն այս տարի նվաճել են 17 ոսկե, 8 արծաթե, 11 բրոնզե մեդալ
Այսօր կայացել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի, Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանի ասուլիսը, հաղորդում է armsport.am-ը։
«Ընդհանուր առմամբ տարին շատ լավն էր։ ԱԱ-ում կարող էինք մեդալ նվաճել, միայն հենացատկում չստացվեց։ Մենք արդեն կտեսնենք այս տարի ինչ ենք անելու։ Հույս ունենք՝ ՕԽ-ի մի ուղեգիր էլ կնվաճենք։ Այս տարի ունեցել ենք 17 ոսկե, 8 արծաթե, 11 բրոնզե մեդալ»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ մենք աշխատում ենք ինչպես մեկ ընտանիք, բոլորը միասին։ Տղաները ջանք չեն խնայում»,- ասել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։
«Տարին շատ լավ սկսեցինք։ Մասնակցեցի Աշխարհի գավաթներին, ԵԱ-ին, չեմպիոն դարձա։ Ափսոս էր միայն ԱԱ-ն, որ չկարողացա մեդալ նվաճել։ Բայց ոչինչ, սպորտ է, ամեն ինչ լինում է։ Կաշխատենք ավելի շատ, կփորձենք վնասվածքներ չստանալ և պատրաստվել Օլիմպիական խաղերին։
Ամեն ինչ կանեմ, որպեսզի ոսկե մեդալ նվաճեմ ՕԽ-ում»,- ասել է Արթուր Դավթյանը։
«Այս տարի ԱԱ-ում կարողացանք լավ հանդես գալ, մեր քրտնաջան ու միասնական աշխատանքի արդյունքն էր։ Շնորհակալ եմ մարզիչներին, առանց նրանց այս ամեն ինչը չէր լինի։ Թերություններ կային, կաշխատենք այդ թերությունները շտկել»,- ասել է Համլետ Մանուկյանը։