Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել ազատազրկված դատավորների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
Այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։