Հարվածել են Վանաձորի բանտի օպերատիվ բաժնի պետին․ ինչ է կատարվել պատժախցում
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բորիս Վանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր, 2023 թվականի մարտի 1-ից գտնվելով նույն հիմնարկի պատժախցային մասնաշենքի թիվ 1 պատժախցում, 2023 թվականի մարտի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում ընդունելություն է խնդրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Արամ Ավետիքյանից:
«Նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, Արամ Ավետիքյանի և օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանի կողմից քրեակատարողական հիմնարկի ընդունելությունների համար նախատեսված սենյակում կալանավորված անձ Բորիս Վանյանի ընդունելության ժամանակ, Բորիս Վանյանը, ՀՀ ԱՆ «Վանաձոր,» քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով, դիտավորությամբ ձեռքով մեկ անգամ հարվածել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանի դեմքին՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ, կատարել անկանոն շարժումներ և չի ենթարկվել իր գործողությունները դադարեցնելու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջներին։
Նա իր հիշյալ գործողություններով շուրջ 15 րոպե խոչընդոտել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, ապա գրպանից հանել կրակայրիչի վրա ամրացված, ինքնաշեն եղանակով պատրաստված, առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված սափրիչի առանձնացված սայր և կատարել ինքնավնասում»,– գրում է կայքը: