Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք կրթության և գիտության մեջ. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատորյանի հետ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
Հոբլյանական նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի, կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, պատվիրակություններ՝ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։
Զեկույցով նախ հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:
«Մենք այս դահլիճում բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փառահեղ ժառանգության մասին, և ուզում եմ ընդգծել, որ մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու անհրաժեշտ կարևոր և ռազմավարական ակտիվ:
Ես ներողություն եմ խնդրում մի փոքր անձնական դրվագ այս քննարկում ներմուծելու համար, բայց շատ եմ սիրում ազատ ժամանակը տրամադրել գիտության ոլորտի նորությունների, նվաճումների մասին տեղեկություններ ստանալուն, ֆիլմեր դիտելուն՝ բնականաբար հեղինակավոր գիտական ալիքներում, հարթակներում: Եվ ամեն անգամ հաճելի զարմանքով և հպարտությամբ եմ արձանագրում, որ հենց այսօր՝ Հայաստանում գործող բազմաթիվ գիտնականներ գիտական նորագույն նվաճումների գործում ունեն շատ կոնկրետ ներդրում միջազգային գիտական թիմերի կազմերում:
Եվ ինքս ինձ համար արձանագրել եմ, բայց այժմ առաջին անգամ եմ բարձրաձայն այս թեմային անդրադառնում. սա, իմ կարծիքով, բավարար չափով չենք լուսաբանում: Երբեմն, ես իմանում եմ նորություններ, որոնք եթե այդ միջազգային յութուբյան ալիքները չդիտեի, վստահ չեմ, որ այդ նվաճումների և դրանցում ՀՀ-ում աշխատող գիտնականների ներդրման մասին կիմանայի: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է:
Իհարկե, նաև ուզում եմ ընդգծել և խոստովանել, որ մենք այս հարցում, երբեմն, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք հասնում: Եվ լուսաբանումների մեջ չպետք է չափազանցությունների մեջ ընկնենք՝ ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով: Երբ պոզիտիվ առումով չափազանցությունների մեջ ենք ընկնում, մի շարք գիտնականներ իրենց թերագնահատված են զգում՝ մտածելով, որ մեր կենտրոնացումն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, իսկ ահա, երբ բավարար ուշադրություն չենք դարձնում՝ պարզվում է, որ կան բազմաթիվ գիտնականներ, որոնց մեր հանրությունը պետք է ճանաչի՝ իմանալով, թե ինչ ժամանակակից և շրջադարձային նվաճումների հետ գործ ունեն մեր գիտնակաները:
Բայց այս տեղեկատվությունն ինձ համար ունի և ունեցել է պրակտիկ նշանակություն՝ արձանագրելու համար, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, որոնց մասին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը խոսեց, մեր երկրի գիտական պոտենցիալն ամենևին սպառված չէ: Ընդհակառակը՝ շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում:
Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019 թ.-ից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2023 թ.-ին, օրինակ՝ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ: 2024 թ.-ին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով:
Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում ընդգծել այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022 թ.-ի հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թ.: Կարծում եմ՝ այս տոնական առիթով արժե, որ տող առ տող այդ տեղեկատվությամբ կիսվեմ, որովհետև, օրինակ՝ 2023 թ.-ին լաբորանտ, ճարտարագետի աշխատավարձը 2018 թ.-ի համեմատ արդեն իսկ ավելացել է 63 տոկոսով, աշխատավարձի աճը կշարունակվի և արդեն 2024 թ. կավելանա 78 տոկոսով: Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2023 թ.-ին 2018թ.-ի համեմատ ավելացել է 71 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 105 տոկոս: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին բարձրացել է՝ 2018 թ.-ի համեմատ 75 տոկոսով, 2024 թ.-ին արդեն աճը կլինի 110 տոկոս: Գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին ավելացել է 121 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 154 տոկոս: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ ավելացել է 152 տոկոսով, իսկ 2024-ին կավելանա 203 տոկոսով: Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ աճել է 206 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 267 տոկոս։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 2026 տոկոսով, մյուս տարի` 2024 թ.-ին արդեն ընդունված բյուջեով աճը կկազմի 262 տոկոս։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 171 տոկոս։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 183 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 218 տոկոս։ Այսինքն` հունվարի 1-ից, և այս գործընթացը կշարունակվի մինչև 2026 թվականը։
2026 թ.-ից հետո արդյունքները կամփոփվեն, և կառավարությունը հետագա որոշումներ կկայացնի։ Այս առումով, կարծում եմ` չափազանց կարևոր է ևս մեկ նորամուծություն, որ մենք իրականացրել ենք։ 2022 թ.-ից գիտնականները և գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ։ Նրանք ֆինանսավորման համար ներկայացնում են թեմաներ, մրցութային հանձնաժողովն ընդունում է, քննարկում և գրանտները տրվում են։ Ուզում եմ ընդգծել, որ 2023 թ.-ին այս մրցութային, գրանտային ծրագրերով շնորհվել է 8.4 մլրդ դրամի դրամաշնորհ: 2024 թ.-ին պետական բյուջեով դրամաշնորհի ծավալը կլինի 9.3 մլրդ դրամ:
Ուզում եմ ընդգծել, որ 2024 թ.-ի արդյունքներով այս դրամաշնորհային ծրագիրը կառնչվի շուրջ 1000 գիտնականի: Կան դեպքեր, երբ դրամաշնորհը ստանում է գիտական թիմը, կան դեպքեր, երբ անհատ գիտնականներն են ստանում: Ահա այս թվաբանությամբ և համախմբմամբ շուրջ 1000 գիտնական կօգտվի կամ առնչություն կունենա այս գրանտային ծրագրերին: Որպես այս գործողությունների և որոշումների արդյունք, մենք տեսնում ենք, որ մի պրոբլեմ, այնուամենայնիվ, տեղից սկսել է շարժվել, որի մասին նաև ակադեմիայի նախագահը խոսեց։ Մեր հաշվարկներով՝ այս ծրագրերի գործարկման արդյունքում Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց թիվը 2022-23 թվականներին ավելացնել է շուրջ 296 գիտնականներով։ Ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ավելի ցածր տարիք ունեցող գիտնականներ են»։
Վարչապետն անդրադառնալով հաջորդ կարևորագույն ծրագրին՝ հիշատակել է 2018-ից իրականացվող գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքերով մատակարարելու ծրագիրը։ 2018-ից 2022-ն ընկած ժամանակահատվածում 26 գիտական կազմակերպություններ շուրջ 5 մլրդ դրամի գիտական սարքեր են ձեռք բերել կառավարության դրամաշնորհներով։ Խոսքը գնում է 70 անուն գիտական սարքերի մասին։
«Ուզում եմ, օրինակ, համեմատության համար ասել, որ 2013-17 թթ.-ին այս նպատակի համար տրամադրվել է ընդամենը 961 մլն դրամ։ Այսինքն` ավելի քան 5 անգամ այս ներդրման տողն աճել է, բայց սա ամենը չէ։ Ինչպես ասացի` նախորդ շրջանում մենք դրամաշնորհներով ենք իրականացրել, բայց 2023-ից սկսած արդեն պետական բյուջեում գիտական սարքերի ձեռքբերումը դարձել է բյուջետային տող, և 2023-ի բյուջեով այդ նպատակի համար նախատեսվել է 5.1 մլրդ դրամ։ 2024 թ.-ի համար ընդհանրապես գիտության ոլորտում 8.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր են սահմանվել։ Ներկայումս արդեն շատ մրցույթներ ամփոփված են, և ունենք ֆինանսավորման երաշխավորված 95 սարքավորման հայտեր, ընդհանուր 7.1 մլրդ դրամ արժեքով, ինչն ավելի է, քան մինչև այժմ նույնիսկ գիտության ոլորտում ձեռք բերված սարքավորումները միասին վերցրած։ Այսինքն` մենք գիտության ոլորտում և մարդկային ռեսուրսի զարգացման, և կապիտալ ծախսեր ենք անում, և ահա այս ընթացիկ ծրագրերով շուրջ 3 տասնյակ գիտական կազմակերպություններ կստանան այդ սարքավորումները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ կառավարությունն այս ամենի համար ամենևին էլ շնորհակալության խոսքեր չի ակնկալում, որովհետև այս ներդրումները կատարվում են ոչ այնքան գիտնականների, որքան Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի համար, որովհետև կառավարությունը Հայաստանի Հանրապետության զարգացումը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով և բարեփոխումներով:
«Եվ ինչպես նախկինում չենք պատկերացրել, ապագայում էլ չենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը առանց զարգացած գիտակրթական ոլորտի, հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ իր ելույթում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հիշատակելու համար: «Որովհետև դա մի հսկայածավալ, ինչպես պարոն Սաղյանը նշեց, մեգանախագիծ է, որը պետք է հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում:
Բայց ես չեմ ուզում, որ մենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը կտրված դիտարկենք նախնական դպրոցական կրթությունից և հանրակրթությունից, որովհետև այդտեղ կտրվածությունը հետևանքներ կբերի: Մենք այս շարքում ենք դիտում նաև բարեփոխումները, որ իրականացնում ենք նախնական դպրոցական, նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրն սկսել է աշխատել: Մենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնում, ընդ որում՝ բոլոր այս օղակներում բարեփոխումները զուգորդվում են և՛ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմամբ, և՛ մարդկային ռեսուրսի ու կադրերի վրա իրականացվող ներդրումներով՝ աշխատավարձերի բարձրացման տեսքով:
Շատ ճիշտ մոտեցում է, որ և՛ գիտության, և՛ հանրակրթության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումը կապում ենք կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որովհետև կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդն իմանան՝ պետական բյուջեի միջոցները ծախսվում են և հասցեագրվում այն մարդկանց, ովքեր ունեն պատշաճ որակավորում, ունեն գիտական, կրթական, մասնագիտական ամբիցիաներ, և այդ ֆինանսավորումն իսկապես ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության ապագայի մեջ:
Այս ամենն ամփոփելով՝ չեմ կարող չնշել, Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով կրկին շնորհակալություն չհայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, բոլոր տնտեսվարողներին, որովհետև շատ ուրախ եմ, որ ակադեմիայի 80-ամյակի առիթով այսքան բան ունենք ներկայացնելու գիտական հանրությանը, բայց նաև պիտի ընդգծեմ, որ դա հնարավոր չէր լինի առանց աշխատող, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծող և հարկեր վճարող մարդկանց: Եվ կարծում եմ, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակը նաև այդ մարդկանց տոնն է:
Պարոն Սաղյանը նշեց, ի վերջո ո՞րն էր 1943 թվականին Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու որոշման գործնական հետևանքն ու արդյունքը: Այդ արդյունքը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ինդուստրիալիզացիան էր: Եվ հույս ունեմ, և մեր ռազմավարական նպատակադրումը դա է, որ գիտության ոլորտում իրականացվող այս ներդրումները նմանապես նոր ժամանակներում կբերեն Հայաստանի, եթե կարելի է ասել, երկրորդ ինդուստրիալիզացիային: Սա հնարավոր չէ առանց կառավարության, գիտական հանրության, հանրակրթության ոլորտի և իհարկե, իրական տնտեսության, գործարարների, աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող մարդկանց համագործակցության:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով և հաջողություն մաղթում բոլորիս լավագույն ավանդույթները պահպանելու, ուժեղացնելու և նոր ժամանակներին համահունչ նոր ավանդույթներ, նոր մեխանիզմներ, նոր որակ և նոր նվաճումներ ունենալու հեռանկարն իրականացնելու ճանապարհին»,- ասել է Փշինյանը։
Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանը Վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանին, ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանին:
Հաջորդիվ տեղի է ունեցել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Վարչապետը մրցանակը հանձնել է պրոֆեսորներ՝ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին: