ՀՀ և ԼՂ կրթական համակարգերում տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում․ Նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում:
«Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել կրթության ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:
Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ու հանրակրթական դպրոցներում նրանց ներգրավվածությանը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող է ընդգրկվել, իսկ ավելի քան հազար սովորողներ իրենց կրթությունը շարունակում են քոլեջներում և ուսումնարաններում: Բուհերը ևս, ըստ համապատասխան մասնագիտությունների, կազմակերպում են բռնի տեղահանված ուսանողների կրթությունը:
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգերում եղած տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում: Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, իսկ ԼՂ-ում պարտադիր է եղել 9-ամյա կրթությունը: Հիմա մենք խնդիր ունենք դպրոցներում ներգրավելու նաև այդ տարիքային խմբի երեխաներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու առումով կարևորելով նաև սոցիալական աշխատողների դերակատարությունը:
ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդության ոլորտի աշխատանքներին ցուցաբերվող աջակցության համար՝ հատկապես կարևորելով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման հարցում այլ երկրների օրենսդրական փորձի փոխանակման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: