Առաջիկա ամիսներին կսկսվի Akash հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը ՀՀ․ ԶԼՄ-ներ
Հնդկական Bharat Dynamics ընկերությունն ավարտել է խոշոր պաշտպանական գործարքը Հայաստանի հետ՝ իր ակցիաները հասցնելով ռեկորդային առավելագույնի, գրում է Zee Business-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանն ընկերության հետ կնքել է Akash հակաօդային պաշտպանության և AAD համակարգերի մատակարարման պայմանագիր։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ մատակարարումները իրականացվելու են 4-5 տարվա ընթացքում։ Հնդկական մեկ այլ՝ ANI գործակալությունն էլ հայտնում է, որ Հայաստանը ձեռք է բերել շուրջ 600 մլն դոլարի համակարգեր։
«Ակնկալվում է, որ Հայաստանին մատակարարումները սկսվելու են առաջիկա ամիսներին։ Միաժամանակ, բազմաթիվ այլ երկրներ՝ Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում համակարգի նկատմամբ»,-լրատվամիջոցին ասել են պաշտպանական ոլորտի աղբյուրները։