Գյուղում այս պահին հերթապահում են մեծ թվով ոստիկանական ուժեր
24News-ի տեղեկություններով՝ լարված իրավիճակ երեկ ուշ ժամից Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում։
Ցերեկը ջրային պարեկների ու գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել այն բանից հետո, երբ նորատուսցիները փորձել են Սևանում ձուկ բռնել։ Առավոտից ոստիկանության ներքին զորքերի անձնակազմը հերթապահում է գյուղում:
Տեղեկություններ կան, որ գյուղացիները պատրաստվում են Սևան-Երևան մայրուղին փակել, այդ իսկ պատճառով էլ ոստիկանները գյուղից չեն հեռանում, կուտակում են նոր ուժեր։
24News-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, վերջինս հերքեց, թե որևէ միջադեպ է տեղի ունեցել․
«Ոչ մի պարեկայինի չեն ծեծել, ոստիկանությունն էլ գյուղում չէ»,- ասաց մարզպետը:
Տեղի ունեցած միջադեպի հետ կապված կապ ենք հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտնեցին, թե.
«Ոստիկանությունը հասարակական կարգ է պահպանում, ջրային պարեկները հետևում են նաև ձկնորսության արգելքի պահպանմանը»,- ասաց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` հրաժարվելով տալ այլ տեղեկատվություն։