Դանիան եւ ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել պաշտպանության մասին
Դանիան եւ ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել պաշտպանության մասին, որը թույլ կտա ամերիկացի զինվորներին եւ ռազմական տեխնիկային տեղակայվել դանիական հողում, ասել է երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, փոխանցել է Reuters-ը։
«Դա նշանակում է, որ ամերիկացի զինվորները եւ տեխնիկան կարող են մշտապես տեղակայվել դանիական հողում»,- լրագրողներին մամուլի ասուլիսում ասել է Ֆրեդերիկսենը։
Համաձայնագիրը, որի վերաբերյալ բանակցությունները, որոնք սկսվել էին անցած տարվա փետրվարին, ստորագրվել է այս շաբաթ եւ ուժի մեջ կմտնի մոտ մեկ տարի անց, երբ ընդունվի համապատասխան օրենքը, նշել է Ֆրեդերիկսենը։
Ֆինլանդիան երկուշաբթի ստորագրել է պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որը Ռուսաստանի հետ այդ երկրի սահմանին ԱՄՆ-ի համար լայն հնարավորություններ է բացում։
Շվեդիան նման համաձայնագիր ստորագրել է դեկտեմբերին, իսկ Նորվեգիան, որը նույնպես կարճ սահման ունի Ռուսաստանի հետ, 2021թ. ստորագրել է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որով կարգավորվում է ԱՄՆ ռազմական գործունեությունը նրա տարածքում։