Եմենի հութիները նախազգուշացրել են, որ կարող են Կարմիր ծովում նավերը գրոհել յուրաքանչյուր 12 ժամը մեկ
Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովում յուրաքանչյուր 12 ժամը մեկ կարող են նոր հարձակում իրականացնել՝ չնայած ԱՄՆ-ն և 9 այլ պետություններ հայտարարել էին նրանց դիմակայելու համար Կարմիր ծովում համատեղ գործողություն սկսելու մասին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Ինչ վերաբերում է ռազմածովային գործողություններին, ապա դրանք իրենց կիզակետում են, և, հավանաբար, 12 ժամ չի անցնի` առանց գործողության», - Al Jazeera-ին ասել է հութիների խոսնակ և գլխավոր բանակցող Մուհամմեդ Աբդուլսալամը:
Հութիների այս հայտարարությունից հետո Իտալիան, որը Կարմիր ծովում ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիայի մի մասն է, հայտարարել է, որ իր ֆրեգատներից մեկը կուղարկի Կարմիր ծով՝ «հակադարձելու հութիների ահաբեկչական ապակայունացնող գործողություններին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է միջազգային նոր նախաձեռնության՝ «Բարգավաճման պահապան գործողության» ստեղծման մասին, որը նպատակաուղղված է Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում նավագնացության ազատությունն ապահովելուն։
Գործողության մասնակիցները կլինեն Մեծ Բրիտանիան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելները և Իսպանիան։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Հութիները հայտարարել են, որ Իսրայել ուղևորվող նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարեցվի։ Հութիներն առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացնում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։