ՆԳ նախարարությունը պատրաստակամ է քննարկելու կառուցողական ցանկացած առաջարկ․ Արփինե Սարգսյան
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում դեկտեմբերի 19-ին Երևանում կայացել է հերթական քննարկումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու փորձագետներ։
«Շնորհակալություն, որ կազմակերպեցինք ևս մեկ պլատֆորմի քննարկում, որտեղ արդեն երկկողմանի կկարողանանք կառուցողական ճանապարհով քննարկել զեկույցները երկու բլոկների հետ, նաև նախանշել մեր հետագա քայլերը, որոնք թույլ կտան զեկույցներում տեղ գտած տարբեր առաջարկների իմպլեմենտացում ապահովել պրակտիկայում»,-նշել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը պատրաստակամ է կառուցողական ցանկացած երկխոսության, քննարկելու օբյեկտիվ ցանկացած առաջարկ ու առողջ քննադատություն, ինչը կնպաստի առկա խնդիրների լուծմանն ու ոլորտային ուղղությունների լավարկմանը։
ՆԳ փոխնախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներին, ՆԳՆ կազմավորմանը, ենթակա ծառայություններում կադրային համալրման աշխատանքների կազմակերպմանը։ Նա նաև նշել է, որ ներկայումս մշակման փուլում է 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը, և զեկույցներում տեղ գտած այն առաջարկները, որոնք համահունչ կլինեն նոր ռազմավարության ուղղություններին, կարող են տեղ գտնել ռազմավարական փաստաթղթում:
Հանդիպման ընթացքում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով վիզաների տրամադրման դյուրացման և հետընդունման գործընթացի, նաև ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու վեր հանված խնդիրները։
Հանդիպման ավարտին կայացել է ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները հանդես են եկել առաջարկություններով։