Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ և զգալի ներդրում ունի այդ նպատակի իրագործման մեջ։
Վրացական Agenda կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարության միջնորդական նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնկրետ արդյունքներ է տվել։
Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Ես կցանկանայի մատնանշել այն, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին ժամանել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, եզակի հնարավորություն ունեցանք միասին հանդիպելու։ Կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք ստեղծեցինք»,- ասել է Ղարիբաշվիլին։