Ադրբեջանում միջազգային կազմակերպություններին կոչ են արել հասցեական պատժամիջոցներ կիրառել իշխող ռեժիմի նկատմամբ
Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխող ռեժիմի նկատմամբ՝ քաղաքական բռնաճնշումների պատճառով:
Հայտարարության մեջ հիշատակվում են «ռեժիմի քաղաքական հակառակորդներ Ղուբադ Իբադօղլուի, Թոֆիկ Յաղուբլուի և այլոց անհիմն մեղադրանքներն ու ձերբակալությունները»:
Նշվում է, որ դրանցով իշխանությունները փորձում են ապահովագրվել աշխարհաքաղաքական և ներքին վտանգներից՝ երկրում օրեցօր սրվող սոցիալական վիճակի և խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին։ Հայտարարության հեղինակները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
«Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին՝ անտարբեր չմնալ Ադրբեջանում մոլեգնող ռեպրեսիվ ռեժիմի հակամարդկային գործողությունների նկատմամբ, հասցեական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների և ազատությունների թշնամի դարձած իշխող ռեժիմի դեմ»,- ասված է հայտարարության մեջ: