Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է. դաշնակահար Լոլա Աստանովան բազմաժանր ծրագրով համերգ է խոստանում Երևանում
Դաշնակահար Լոլա Աստանովան, որը ծնվել է Ուզբեկստանում, սակայն ավելի քան քսան տարի ապրում է ԱՄՆ-ում, լայն ճանաչում է ձեռք բերել կատարողական վարպետությամբ, տաղանդով և յուրահատուկ բեմական կերպարով, որն անտարբեր չի թողնում ոչ մի հանդիսատեսի: Երաժիշտը նվագել է աշխարհի հեղինակավոր բեմերում և առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երևանյան համերգը, որը նախաձեռնել է «Maestro» ընկերությունը, տեղի կունենա դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Աստանովան ելույթ կունենա լարային կազմի նվագակցությամբ:
«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում՝ Երևանում: Սա իմ առաջին այցն է, և ես ցանկանում եմ բոլորին հրավիրել իմ համերգին, քանի որ շատ հետաքրքիր ծրագրով եմ ներկայանալու. հնչելու են ինչպես դասական, այնպես էլ իմ սեփական ստեղծագործությունները: Նվագելու եմ մի ստեղծագործություն, որը դեռ ոչ մի բեմում չեմ կատարել: Համաշխարհային պրեմիերա կլինի, նաև ամանորյա համարներ եմ ներկայացնելու: Հույս ունեմ, որ համերգը պաշտոնական չի լինի, մտերմիկ մթնոլորտում կանցնի և հանդիսատեսի հետ առնչվելու հնարավորություն կստեղծվի»,-դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց երաժիշտն ու հավելեց՝ շատ հետևորդներ ունի նաև Հայաստանից: Նրանք պարբերաբար գրում են արտիստին, նշում, որ շատ ուրախ են նրա երևանյան համերգի առթիվ:
Աստանովայի մայրը դաշնամուրի ուսուցչուհի է, սակայն դեմ է եղել, որ դուստրը դաշնակահար դառնա, քանի որ հստակ գիտակցել է մասնագիտության դժվարությունները: «Մայրս մինչ օրս անհանգստանում է ինձ համար, մտածում իմ ելույթների մասին, սակայն հպարտ է, որ պարապմունքները, զոհաբերությունները, որոնց գնացել ենք, զուր չեն եղել: Դա դժվար ճանապարհ է, երաժշտի պրոֆեսիոնալ կարիերան հեշտ չի տրվում, հատկապես մեր օրերում: Այնպես չէ, որ ընդունվում ես համալսարան, փաստաբան դառնում, հետո զարգանում այդ ասպարեզում: Մայրս շատ ուրախ է, որ ես հաջողության եմ հասել, որ մեր բոլոր ջանքերը հասել են նպատակին»,-պատմում է նա:
Աստանովան այս ընթացքում գրեթե ժամանակ չի ունենում պարապելու համար, քանի որ անընդհատ հյուրախաղերի է: Եթե օրվա ընթացքում երկու ժամ կարողանում է հատկացնել պարապելուն, իրեն երջանիկ է զգում, այնինչ սովորելու տարիներին օրվա ընթացքում ավելի քան չորս ժամ է անցկացրել դաշնամուրի առաջ: Մայրը նրան միշտ հորդորել է հանգստանալ, հոգ տանել իր մասին:
Լոլա Աստանովան յուրահատուկ բեմական ոճ ունի. կրում է վառ, գայթակղիչ հագուստներ՝ չվախենալով երբեմն հնչող քննադատությունից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։