Ես ասում եմ՝ Նիկոլը կադրային քաղաքականության մեջ սխալներ է թույլ տվել, պետք է դրա համար պատասխան տա․ Սամվել Բաբայան․ News.am
Ժողովուրդը կորոշի, թե քաղաքական որ ուժը ինչքան ձայն է ստանալու, որ ուժերն են լինելու խորհրդարանում, այդ ժամանակ է որոշվելու, թե ով է լինելու վարչապետ, դեռ հարց է՝ նոր ընտրությունների դեպքում վարչապետ նորից Փաշինյանն է ընտրվելու, թե ոչ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«Գետը չհասած, շալվարիդ փողքերը բարձրացնում ես, որ ի՞նչ անես: Ընտրություն կլինի՝ կերեւա, ես ընդդիմություն եմ լինելու, թե իշխանություն, ընդհանրապես ընտրություններին մասնակցելո՞ւ եմ, թե որեւէ այլ ուժի եմ աջակցելու»,-ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններից, որ ինքը համագործակցում է գործող իշխանությունների հետ, Սամվել Բաբայանն ասաց. «Իշխանության հետ համագործակցող ուժերը նրանք են, որոնք այդ մասին հայտարարում են: Եթե իրոք այսպես կոչված ընդդիմությունը չի համագործակցում իշխանության հետ, թող մանդատները ցած դնեն, բոլորդ ձեր ցուցակից դիմում գրեք, դուրս եկեք, գնում ենք նոր ընտրության, տեսնենք՝ ով ում հետ է համագործակցում: Եթե կանեք, ուրեմն չեք համագործակցում, եթե չեք անում այդ քայլը, ուրեմն համագործակցում եք:
Ես որեւէ իշխանության հետ որեւէ համագործակցության մասին խոսացած չկամ, չեմ արել, չեմ անում:
Ես կարող է մի տեսակետ արտահայտեմ, իշխանության հետ համընկնի: Իսկույն ասում եք՝ պարոն Բաբայանը իշխանության հետ համագործակցում է: Ես ասում եմ՝ պատերազմի մեղավորները այս մարդիկ են, եթե պատրաստվեինք, հզոր լինեինք, այդ պատերազմը չէր լինի: Թշնամին տեսել է, որ թույլ ես, հարձակվել է: Իսկ դրա մեղավորը բոլորս ենք, ովքեր այդ իշխանությունն են եղել: Հիմա ասում եք՝ չէ, դու նիկոլական ես:
Ես ասում եմ՝ Նիկոլը կադրային քաղաքականության մեջ սխալներ է թույլ տվել, պետք է դրա համար պատասխան տա: Ասում են՝ չեղավ, ինքը պայմանավորված է ասում: Էդ մարդիկ հիվանդ են, բուժման կարիք ունեն, թող գնան բուժվեն: Ինչքան էլ փորձեն ինձ ասեն՝ իշխանամետ է, չի ստացվելու: Այդ իրենք, նախկին իշխանություններն են ծառայում Փաշինյանին եւ իրենք են պահում նրան աթոռի վրա»,- հայտարարեց Սամվել Բաբայանը: