ԱՄՆ-ն հայտնել է Կարմիր ծովում երկու առևտրային նավերի վրա հութիների հարձակման մասին
Կարմիր ծովի հարավային մասում Եմենի հութիները հարձակում են գործել երկու առևտրային նավերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Դեկտեմբերի 18-ին, Սանայի ժամանակով մոտավորապես ժամը 09:00-ին հութի զինյալները երկու հարձակում են գործել առևտրային նավերի վրա Կարմիր ծովի հարավային մասում», - հայտնել է գերատեսչությունը X սոցիալական հարթակում:
Ըստ նրանց տեղեկատվության՝ Կայմանյան կղզիների դրոշի ներքո նավարկող Swan Atlantic լցանավը գրոհել են անօդաչու թռչող սարքով և հականավային բալիստիկ հրթիռով, որն արձակվել է Եմենի` հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Քարնի» ականակիր նավն օգնության կանչ է ստացել և ժամանել՝ գնահատելու հասցված վնասվածքները։
Մոտավորապես նույն ժամին Clara բեռնատար նավը հայտնել է իրենից ոչ հեռու ջրում պայթյունի մասին:
«Այս հարձակումը կապված չէ Swan Atlantic-ի վրա հարձակման հետ: Չեն եղել ո՛չ օգնության ազդանշաններ, ո՛չ հաղորդումներ վնասների մասին», - ասված է հաղորդագրության մեջ։
Երկու միջադեպից էլ ոչ ոք չի տուժել:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Այդ ժամանակից ի վեր հութիները պարբերաբար հարձակումներ են գործում Կարմիր ծովով նավարկող առևտրային նավերի վրա։