Տելեգրամով թմրամիջոց էին պատվիրել, տերմինալով վճարել. ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մեկնել են Լիճք գյուղի վարչական տարածք: Ըստ ստացված տվյալների՝ Ներքին Գետաշեն գյուղի 26, 27 և 28 տարեկան չորս բնակիչ, թմրամիջոց ձեռք բերելու նպատակով, մեքենայով գնացել են նշված տարածք: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդներից երկուսը դիմել են փախուստի, իսկ երկուսը մնացել են մեքենայում։ 26 և 28 տարեկան երիտասարդները հրավիրվել են ոստիկանության Մարտունու բաժին։
Ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին փախուստի դիմած երիտասարդներից մեկը Ներքին Գետաշեն գյուղի իր տան բակում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մարտունու բաժին։ Նա հայտնել է, որ նախորդ օրը Տելեգրամով թմրամիջոց է պատվիրել, ապա տերմինալով վճարել և ստացել է տեղակայման տվյալները։
Լիճք գյուղի գերեզմանատան հարակից տարածքում կատարված զննության ժամանակ 26-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթը։ Նա ձերբակալվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։