Ավստրալիայում ցիկլոնի հետևանքով հեղեղվել են օդանավակայաններ, քաղաքի կենտրոնում կոկորդիլոս է հայտնվել
Անձրևի ռեկորդային տեղումները հեղեղումներ են առաջացրել Ավստրալիայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ հյուսիսային Քուինսլենդ նահանգում, որի քաղաքներից մեկում նույնիսկ կոկորդիլոս է հայտնվել, հաղորդում է BBC-ն։
Ըստ հրապարակման՝ արևադարձային ցիկլոնի առաջացրած ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով որոշ շրջաններում մեկ տարվա տեղումներ են գրանցվել։
Քուինսլենդի Քերնս քաղաքի օդանավակայանում ինքնաթիռները հայտնվել են ջրի տակ, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներով հոսող ջրերում կոկորդիլոս է հայտնվել։
Բազմաթիվ ճանապարհներ և տներ հեղեղվել են, էլեկտրական հոսանքի անջատումներ են տեղի ունեցել։ Մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ Մարդիկ տներից փախել են նավակներով։
Առաջիկա օրվա ընթացքում տեղատարափ անձրևներն, ըստ կանխատեսումների, կշարունակվեն։
Ըստ տեղի իշխանությունների՝ բնական աղետի հասցրած վնասը կգերազանցի 670 000 ԱՄՆ դոլարը։
Կլիմայագետները նախազգուշացրել են, որ կլիմայի փոփոխությունը զսպելուն ուղղված անհապաղ քայլեր չձեռնարկելու դեպքում հետագայում աղետներն ավելի կվատթարանան։