«Փաստ». Երևանի բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի թիվ 94 մանկապատեզում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատվել են տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում արված բացահայտումներից, ինչպես նաև թիվ 94 մանկապարտեզի աղմկահարույց դեպքից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել և կարճ ժամկետում լուծումներ գտնել նշված խնդիրներին։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ՝ թե՛ պատկերային, թե՛ ձայնային և տեսահսկմամբ։
Այսինքն, այդպիսով մանկապարտեզների առօրյան և երեխաների պաշտպանությունը «ուղիղ եթերում» հասանելի է լինելու քաղաքապետարանին, մյուս կողմից՝ հնարավոր է լինելու պաշտպանել մանկապարտեզների բարեխիղճ աշխատակիցներին՝ զերծ պահելով հնարավոր զրպարտությունից։ Ի դեպ, հավելենք նաև, որ մեր ունեցած տեղեկությամբ, քննարկվում է նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը առաջիկայում բարձրացնելու հարցը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։