Սևանի կենտրոնական գրադարանում հեղինակի մասնակցությամբ կայացել է «Հայրեններ-2» գրքի շնորհանդեսը
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում կայացել է «Հայրեններ-2» գրքի շնորհանդեսը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հասարակական գործիչ, իրավաբան, լրագրող, «Հայրեններ» շարքի հեղինակ, զոհված ազատամարտիկի որդի Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ-2» գրքում հեղինակը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմություններ: Դեկտեմբերի 15-ին Մամիկոն Խուրշուդյանը գրքում զետեղված պատմությունների հերոսներից մի քանիսի հետ այցելել են Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարան, «Հայրեններ» և «Հայրեններ-2» գրքերը նվիրաբերվել գրադարանին:
Գրքի իրական պատումները 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերին թշնամու կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ վիրավորված հերոս զինվորների մասին են, որոնց հետ հեղինակը ծանոթացել է ու վավերագրել նրանց հերոսապատումները։
Հանդիպմանը ներկա են եղել գրքերի հերոս վիրավոր զինվորներից չորսը՝ սևանցիներ Լյովա Թադևոսյանը, Հենրիկ Եգորյանը, Արմավիրից՝ Գոռ Հովհաննիսյանը և Վեդիից՝ Աշոտ Մանուկյանը:
Մամիկոն Խուրշուդյանը ներկաներին պատմել է գրքի հերոսների հոգեբանական ծանր ապրումների, ինչպես նաև այլ երկրներում ևս իր գրքի շնորհանդեսը կազմակերպելու մտադրության մասին:
«Գլխավոր նպատակը իրական փաստերի վրա հիմնված ծանր փորձություններով պատմություններն են, որոնց միջով անցել են մեր հերոսները։ Իսկ այս պատմություններն այժմ ու ապագայում գալիք սերունդների համար կրթադաստիարակչական մեծ ներուժ կունենան»,-ասել է Մամիկոն Խուրշուդյանը։
«Սևանի կենտրոնական գրադարանին նվիրված «Հայրեններ» և «Հայրեններ-2» գրքերն իրենց արժանի տեղն ու նշանակությունը կգտնեն մեր գրքային ֆոնդում։ Դրանք, իրոք, գրական կարևոր արժեք ունեն, որոնք պատմում են մեր քաջ հայորդիների պայքարի, սխրանքների, հայրենասիրության, մահվան դեմ կռիվ տվող ու չհանձնվող նրանց տեսակի, կյանքին առավել ամուր թելերով կառչելու և վերածնվելու հրաշքի մասին»,-ներկայացեց Սևանի Վ․ Ստեփանյանի անվան գրադարանի տնօրեն Ֆրունզե Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև գրական, երաժշտական ու պարային կատարումներ։