ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել մշակութային-մարդասիրական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիստի արդյունքներով այսօր կառավարությունների ղեկավարները հայտարարություն են ստորագրել մշակութային-մարդասիրական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին, որը մեզ կենտրոնացնում է միջմշակութային երկխոսության պահպանման ու զարգացման, կրթության ոլորտում համագործակցության զարգացման, մեր ազգային լեզուների զարգացման վրա»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նրա խոսքով, հայտարարության մի առանձին հատված վերաբերում է մշակութային ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը․ «Կանցկացվեն հյուրախաղեր, կինոփառատոներ, ցուցահանդեսներ՝ ամենատարբեր մշակութային միջոցառումներ, որոնք հետագայում ևս կմոտեցնեն մեր երկրներն ու ժողովուրդներին»։
Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստը նվիրված է եղել երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման հարցերին: