Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարվածներից 2 սիրիացի զինծառայող է վիրավորվել. SANA
Սիրիայի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանության միջոցները հակահարվածով խափանել են իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով կա 2 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։
«Իսրայելական թշնամին տեղի ժամանակով ժամը 22:05-ին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի գյուղական համայնքների մի քանի կետեր: Մեր հակաօդային պաշտպանության ուժերը կալանել են հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը», - զինված ուժերի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում SANA-ն:
Գործակալությունը հավելում է, որ բացի 2 զինծառայողի վիրավորվելուց, հարձակումը նաև նյութական վնաս է հասցրել։
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելը 30 անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին։ Զոհվել է 14 զինծառայող, 13 շիա մարտիկ և 2 խաղաղ բնակիչ: