Էրդողանը մեկնում է Հունգարիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին մեկօրյա այցով կմեկնի Հունգարիա, որի ընթացքում կողմերը նախատեսում են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության 16 համաձայնագիր, հայտնում է Anadolu գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, դա թույլ կտա երկկողմ ապրանքաշրջանառությունը տարեկան հասցնել 6 մլրդ դոլարի, իսկ ապագայում՝ մինչեւ 10 մլրդ դոլարի։
Էրդողանի այցը Հունգարիա համընկնում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի հետ։ Ուղևորության ընթացքում Էրդողանը կհանդիպի Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Նախատեսվում է բարձր մակարդակի երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ։
Սպասվում է, որ կողմերը, բացի երկկողմ հարաբերություններից, կքննարկեն Թուրքիայի եվրաինտեգրման հարցերը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։