Օզբիլիզը շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ՝ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած. Արմեն Մելիքբեկյան. «Արմենպրես»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:
Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.
- Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին:
Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:
-2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ:
Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից:
-Պայմանավորված խաղերի խնդիրը շարունակում է մեծ գլխացավանք մնալ, թեպետ այն կար նաև նախկինում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
Խնդիրը շատ լուրջ էր 2019 թվականին: Եվ մենք դրա դեմն առել ենք` բազմաթիվ որակազրկումներով, այլ քայլեր ձեռնարկելով, անգամ հարուցվել է քրեական գործ, որը, ցավոք սրտի, մինչ օրս ընթացքում է: Համեմատելով նրա հետ, ինչ եղել է նախկինում, ծավալը տասնյակ անգամ կրճատվել է: Բայց մենք չենք կարող խոսել պայմանավորված խաղերից, այլ կարող ենք խոսել մեր կասկածների մասին: ՀՖՖ-ն մշտապես զբաղվում է սրանով: Մենք ունենք աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով վերլուծում է իրավիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում ինֆորմացիան փոխանցում է իրավապահ մարմիններին Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մենք ունենք քիչ քանակությամբ կասկածելի դեպքեր, որոնք հիմա ուսումնասիրում ենք: Սա շատ բարդ թեմա է նույնիսկ եվրոպական առաջատար երկրներում:
- Օրեր առաջ Երևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՖՖ-ն տարբեր կազմակերպություններից 70 միլիոն եվրո է ստացել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այս թվերը:
Ես շատ երկար Արթուր Սողոմոնյանի ասուլիսի մասին չեմ ցանկանում խոսել: ՀՖՖ-ն այժմ շատ մանրամասն պատասխան է պատրաստում այդ մասին և շուտով կներկայացնի այն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 70 միլիոն եվրո չի ստացել: Նույնիսկ մոտիկ գումար էլ չի ստացել մի շարք կազմակերպություններից: Եվ դա շատ հեշտ էր հաշվել, քանի որ մենք ամեն տարի ներկայացնում ենք մեր բյուջեն, որը բաց է և թափանցիկ: Նախորդ տարի մեր բյուջեն կազմել է 4 միլիարդ դրամ, որը մոտավորապես կազմում է 10 միլիոն եվրո: Այս 4 տարիների ընթացքում ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է շուրջ 28 միլիոն եվրո, իսկ ՖԻՖԱ-ից՝ շուրջ 7.2 միլիոն դոլար: Մինչդեռ ակումբները նույն ժամանակահատվածում ստացել են 22.5 միլիոն եվրո: Այս թվերն ապացուցում են, որ տեղեկատվությունը սուտ է:
-Գործկոմի կազմը շարունակաբար քննադատության է ենթարկվում: Ինչպիսի՞ ձևաչափ է պետք առավել թափանցիկ գործկոմ ունենալու համար և ընտրական գործընթացում:
Գործկոմի անդամներին ներկայացնում են ակումբները: Եվ այժմ գործկոմում մենք ունենք տարբեր ակումբների ներկայացուցիչներ: Այսինքն՝ գործկոմը ոչ թափանցիկ լինել չի կարող: Մեր բոլոր որոշումները հրապարակվում են: Հայաստանի ֆուտբոլը միայն Բարձրագույն խումբը չէ: Նույնը կլիներ, եթե ՈՒԵՖԱ-ն թույլ տար ընտրությանը մասնակցել միայն Իտալիային, Գերմանիային, Իսպանիային Անգլիայի, Ֆրանսիային և ձայնի իրավունք չտար փոքր երկրներին: Եվ այն առաջարկները, որ «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն չպետք է ընտրության համար ունենան մեկ ձայն, նույնն է, որ ասենք, որ, օրինակ, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ում ավելի շատ ձայն պետք է ունենա, քան, օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բնականաբար, մենք դեմ կլինենք դրան: Սա հավասարության հարց է, որը պահպանվում է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում:
-Պարոն Մելիքբեկյան, քննադատության այսպիսի ձայն է բարձրացվում․ ասվում է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածու կարող է առաջադրել այն ակումբը, որը ներկայացուցիչ ունի Առաջին կամ Բարձրագույն խմբում: Ձեզ առաջադրել է «Անի» ակումբը, որը ներկայացուցիչ չունի վերոնշյալ ոչ մի մրցաշարում:
Յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել ՀՖՖ նախագահի թեկնածու: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ ՀՖՖ անդամը, որը զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլով և ունի 500 երեխա կամ ՀԿ-ները, որոնք զբաղվում են կանանց ֆուտբոլով կամ ֆուտզալով, չեն կարող առաջադրել: Իհարկե, կարող են: Իմ կարծիքով՝ սա մանիպուլյացիա է և ուղղված է նրան, որ վարկաբեկվի ընտրական գործընթացը: Կանոնադրության հստակ պահանջները կատարվում են, և կա հստակ ընտրական կոմիտե, որն անկախ մարմին է: Անցյալ ընտրություններում մենք հստակ տեսանք, թե ինչպես է իրականացվում ընտրությունների կարգը: Հայկական ֆուտբոլն ամբողջական բուրգ է, և մենք չպետք է տեսնենք միայն վերևի հատվածը: Օրինակ, «Անի» ակումբը դա փաստացի Խորեն Հովհաննիսյանի դպրոցն է, որտեղ այս պահին 350-400 երեխա է մարզվում: Բացի դա, ընդգծեմ, որ մի շարք այլ ակումբներ նույնպես առաջարկել էին առաջադրել իմ թեկնածությունը, և ես շատ շնորհակալ եմ դրա համար:
- Հայաստանի առաջնությանը մասնակից մեծագույն ակումբների ղեկավարները այն կարծիքին են, որ «ՀՖՖ-ն կորցրել է վստահությունը», «անցել է կարմիր գիծը», և ֆուտբոլային հասարակությունը բաժանված է երկու մասի: ՀՖՖ-«Փյունիկ» «հակամարտությունը» շարունակվում է: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:
Մենք կսպասենք ընտրություններին․ կտեսնենք, թե ՀՖՖ նախագահը որքան ձայն կհավաքի ու կհասկանանք՝ ֆուտբոլային հասարակությունը բաժանվա՞ծ է երկու մասի, թե՞ ոչ:
-«Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը մեծ աժիոտաժ առաջացրեց ֆուտբոլային հասարակությունում` մեջբերեմ. «Եթե վերընտրվի Մելիքբեկյանը, ապա «Փյունիկ»-ը և ակադեմիայի թիմերը չեն մասնակցի հաջորդ տարվա առաջնությանը»: Միթե՞ սա ճգնաժամի չի հանգեցնի:
Բացարձակ: «Փյունիկ»-ի պատմությունը չի սկսվել Արթուր Սողոմոնյանով և չի ավարտվելու նրանով: Նա թիմի պատմության մի փոքր մասն է: Բոլոր երեխաները կշարունակեն խաղալ ֆուտբոլ: Մենք ունենք այդ հնարավորությունները և ունենք այդ լծակները, որպեսզի բոլոր երեխաները, ովքեր «Փյունիկ»-ից դուրս կմնան, շարունակեն խաղալ: Կարծում եմ՝ սրանով հարցն ամբողջապես փակված է: Բայց միևնույն ժամանակ ես չեմ շտապի որևէ գնահատական տալ այս հայտարարությանը, որովհետև Արթուր Սողոմոնյանի բազմաթիվ հայտարարություններ չեն իրագործվել:
-Եվ դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Նախ ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Արաս Օզբիլիզը և ինչո՞ւ եք ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում:
Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում