Ինչ-որ փուլում կա´մ ՀՀ-ն գնալու է նոր տարածքների հանձնման, կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու. Աբրահամյան
Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել:
Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու և անկախ այն հանգամանքից` «խաղաղության պայմանագիր» կկնքվի՞, թե՞ ոչ, սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու:
Ադրբեջանական պատկերացումները սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ ցույց են տալիս, որ ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու»,- գրել է նա: