Իսրայելը հարվածներ է հասցնում Գազայի ամբողջ հատվածին
Իսրայելական ուժերը գրոհներ են ձեռնարկել Գազայի ամբողջ հատվածում՝ հարվածներ հասցնելով փախստականների ճամբարին հյուսիսում, հիվանդանոցին հարավում եւ սպանելով դեռահաս աղջկան, տեղեկացրել է Reuters-ը։
Ջաբալիայի փախստականների ճամբարին հասցված հարվածների հետեւանքով կիրակի զոհվել է 90 պաղեստինցի, Reuters-ին տեղեկացրել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Շեհաբ ընտանիքին պատկանող տան ռմբակոծման հետեւանքով զոհվել է 24 մարդ։ Նրանց մեջ է Դավուդ Շեհաբի՝ ՀԱՄԱՍ-ի դաշնակից «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցչի որդին։
Դեյր էլ Բալահում սպանվել է 12 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են տանը հասցված հարվածի հետեւանքով։ Մարդիկ նետվել են օգնելու փլատակների տակ հայտնվածներին։ Պայթյունը նման է եղել երկրաշարժի, գործակալությանը տեղեկացրել է ոչ հեռու բնակվող Մահմուդ Ջարբուն։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ գործում է գրոհայինների թիրախների դեմ եւ փորձում է խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ սպանել են յոթ գրոհայինի Խան Յունիսում։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Քիդրայի խոսքով՝ իսրայելական տանկի արկը հարվածել է Խան Յունիսի Նասեր հիվանդանոցին, ինչի հետեւանքով զոհվել է 13-ամյա մի աղջիկ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մոտ 19 000 պաղեստինցի է սպանվել հոկտեմբերի 7-ից ի վեր։ Իսրայելցի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հոկտեմբերի 27-ին ցամաքային հարձակումն սկսելուց հետո զոհվել է 121 զինվոր։